Բուսական և կենդանական կադաստր
Բուսական աշխարհի պետական կադաստր
Բուսական աշխարհի պետական կադաստրը բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետական ու մարզային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:
Բուսական աշխարհի կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`
1) Հայաստանի Հանրապետության տարածքի վայրի բույսերի տեսակային բազմազանություն (ստորակարգ, բարձրակարգ բույսեր և սնկեր).
2) բուսական աշխարհի օգտագործում.
3) բուսական աշխարհի պահպանություն, վերարտադրություն։
Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև բուսական աշխարհի պետական հաշվառման տվյալները: Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետությունը, չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, աչքի է ընկնում բուսական համակեցությունների ու բուսատեսակների արտահայտված բազմազանությամբ, որը տարածքի բարդ ֆիզաշխարհագրական պայմանների և ֆլորոգենետիկական տեսակետից նպաստավոր աշխարհագրական դիրքի արդյունք է: Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ: Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել Կովկասի և Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման յուրահատուկ սխեմաների մշակման համար: Համընդհանուր հավանության է արժանացել երկրագնդի բուսաաշխարհագրական շրջանացման Ա. Թախտաջյանի սխեման (1978), ըստ որի՝ Հայաստանը գտնվում է երկու խոշոր, խիստ հակասական բնույթի՝ Եվրասիրիական և Իրանաթուրանական բուսական մարզերի շփման սահմանագծում, որտեղ մասնագետներն առանձնացնում են ուրույն բուսականությամբ չորս բուսական գավառներ՝ պոնտական, հիրկանյան, արմենաանատոլիական և ատրպատականյան:
Բուսաաշխարհագրական այդ նահանգների, մարզերի և ենթամարզերի, ինչպես նաև երկրի բնապատմական պայմանների բազմազանության շնորհիվ նրա ֆլորան ձեռք է բերել արտակարգ հարուստ և խայտաբղետ տեսակային կազմ՝ շուրջ 3500 բարձրակարգ անոթավոր բույսերով: Տեսակների քանակով ծաղկավոր բույսերին չեն զիջում նաև սնկերը, ջրիմուռները, մամուռները և քարաքոսերը, որոնց տեսակային կազմը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ: Գոյություն ունեն ֆլորայի ներթաքույց հարստությունը բնորոշող այլ ցուցանիշներ ևս, որոնք բնութագրվում են զուտ տեղական (աբորիգեն) տեսակների և մնացորդային (ռելիկտային) բուսատեսակների առկայությամբ: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում: Հայաստանի առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող բնաշխարհիկներից (էնդեմներից) են Հայաստանի արոսենին, նաիրյան նշենին, Թախտաջյանի կաթնուկը, Թամամշյանի օշանը, Ուրարտուի ցորենը, Տիգրանի թանթրվենին, Մաղաքյանի ստելերոպսիսը և այլն: Մնացորդային բույսերի մեծ մասը՝ ունաբին, կենին, սոսին, արջատխլենին, խնկենին, գիհին, գայլահատը, մրտավարդը, պարիլյակը, սովորական բաղեղը և այլն, ծառեր ու թփեր են: Կան նաև մնացորդային խոտաբույսեր՝ ծովոսպը, սպիտակ և դեղին ջրաշուշանները, ենթալպյան բարձրախոտերը, բոլոր տեսակի պտերները, ոչխարի շյուղախոտը և այլն:
Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը, աշորան, գարին, վարսակը, ոլոռը, սոխը, ճակնդեղը, զանազան հատապտուղներ, կորիզավոր, ունդավոր, կերային, բանջարանոցային բուսատեսակներ և այլն: Միայն վայրի զուտ տեղական տանձենիների քանակը Հայաստանում 18 է, մոշենիներինը՝ 13, սոխերինը՝ 20, և այլն:
Կենդանական աշխարհի պետական կադաստր
Կենդանական աշխարհի պետական կադաստրը (այսուհետ` պետական կադաստր) կենդանական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի, քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետությունում ու մարզերում տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:
Պետական կադաստրի վարումը նպատակ ունի բացահայտելու կենդանիների տեսակների ու համակեցությունների, դրանց ապրելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
Հայաստանի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։
Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։
Հայաստանի տարածքը տեղադիրքով Միջերկրածովյան կենսաշխարհագրական տարածաշրջանի Իրանական, Փոքրասիական ու Պոնտոս-կովկասյան մարզերի խաչմերուկ է, որով և պայմանավորված է այդ մարզերի ազդեցությունը Հայաստանի կենդանական աշխարհի տեսակների վրա։
Իրանական մարզին բնորոշ ներկայացուցիչներից են. սողուններից՝ պարսկական կլորագլուխ մողեսը, ոսկեգույն տրախիլեպիսը, թռչուններից՝ շիկապոչ քարաթռչնակը, իրանական ճոճահավը, կաթնասուններից՝ Դալի ավազամուկը, մուֆլոնը և այլ տեսակներ։ Փոքրասիական մարզի ներկայացուցիչներից են. երկկենցաղներից՝ փոքրասիական տրիտոնն ու գորտը, սողուններից՝ փոքրասիական մողեսը, Շմիդտի սահնօձը և այլ տեսակներ։ Պոնտոս-կովկասյան մարզի ներկայացուցիչներից են Դարևսկու իժը, ժայռային մողեսների մեծ մասը, սպիտակախածի կեռնեխն ու կովկասյան մարեհավը։ Հայաստանի կենդանական աշխարհում գերիշխում են հիմնականում Առաջավորասիական և Միջերկրածովյան տեսակները։ Կան նաև մի շարք լայն տարածված Եվրասիբիրական ծագման տեսակներ։
ՀՀ ֆաունան ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։ Անողնաշարավորները Հայաստանում ներկայացված են արմատոտանիների, ինֆուզորիաների, կնիդոսպորիդաների, խեցգետնակերպների, փորոտանիների, երկփեղկանիների, սարդանմանների ու միջատների դասերով, ընդ որում միջատները կազմում են այս խմբի մոտ 90%-ը։
Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների դասերով, որոնցից առավել հարուստը (349 տեսակ) թռչունների դասն է։
Խումբ | Տեսակների ընդհանուր թիվը |
Էնդեմիկ տեսակների և ենթատեսակների թիվը |
---|---|---|
Անողնաշարավորներ | 17000 | 316 |
Ձկներ | 30 | 9 |
Կաթնասուններ | 83 | 6 |
Սողուններ | 53 | 6 |
Երկկենցաղներ | 8 | 1 |
Թռչուններ | 349 | 1 |
Ընդամենը | 17523 | 339 |
Հայաստանի թռչունների ցանկ https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%A9%D5%BC%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB_%D6%81%D5%A1%D5%B6%D5%AF
Հայաստանի կաթնասունների ցանկ
Հայաստանի սողունների ցանկ
Հայաստանի երկկենցաղների ցանկ
Հայաստանի ձկների ցանկ
Հայաստանի անողնաշարվոր կենդանիները
Հայաստանում տարածված է անողնաշարավոր կենդանիների շուրջ 17 000 տեսակ, որոնց 90%-ը պատկանում են միջատների դասին։ Տեսակները բաշխվում են հետևյալ կարգաբանական խմբերում։
Տիպ | Դաս | Հայտնի տեսակների քանակը |
---|---|---|
Փափկամարմիններ | 155 | |
Փորոտանիներ | 141 | |
Երկփեղկանիներ | 14 | |
Հոդվածոտանիներ | 16845 | |
Սարդակերպեր | մոտ 2000 | |
Միջատներ | 14845 |
Հայաստանի Կարմիր գիրք
Կարմիր գիրքը բուսական և կենդանական աշխարհների հազվագյուտ, անհետացած ու անհետացող, կրճատվող, անորոշ տեսակների հաշվառման գիրք, որը փաստացի տվյալներ է պարունակում դրանց կենսաբանության, թվաքանակի, տարածման վայրերի, ձևաբանության վերաբերյալ։ Կենդանաբանության ինստիտուտը կազմել և 1987-ին հրատարակել է Հայաստանի կենդանիների Կարմիր գիրքը, որն ընդգրկում է ողնաշարավոր կենդանիների 99 տեսակ, կաթնասունների’ 18 (անդրկովկասյան գորշ արջ, կովկասյան ջրասամույր, հովազ, հայկական մուֆլոն և այլն), թռչունների՝ 67 (սովորական ֆլամինգո, մոխրագույն սագ, հայկական որոր, սև անգղ, կովկասյան մայրեհավ և այլնն), սողունների’ 11 (հայկական իժ, կովկասյան կատվաօձ, պարսկական կլորագլուխ մողես, փոքրասիական մողես և այլն), երկկենցաղների՝ 1 (սիրիական սխտորագորտ) և ձկների 2 (իշխան, Սևանի բեղլու) տեսակներ։
Հայաստանի տարածքի բույսերի ու կենդանիների որոշ տեսակներ (հայկ. արոսենի, արարատյան և ուրարտ. ցորեններ, Վավիլովի տարեկան, հայկ. լեռնատափաստանային իժ, գանգրափետուր հավալուսն, հովազ) գրանցվել են նաև Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում։
Կարգաբանական խումբ | Տեսակների ընդհանուր քանակը |
Անհետացած | Անհետացող | Հազվագյուտ | Կրճատվող | Անորոշ | Տեսակների քանակը Միջազգային Կարմիր գրքում |
---|---|---|---|---|---|---|---|
Ձկներ | 2 | — | 2 | 1 | — | — | 2 |
Երկկենցաղներ | 1 | — | — | — | 1 | — | — |
Սողուններ | 11 | — | 6 | 4 | 1 | — | 7 |
Թռչուններ | 67 | — | 20 | 34 | 13 | — | 3 |
Կաթնասուններ | 18 | 2 | 3 | 6 | 6 | 3 | 1 |
info@kadastr.am
հեռ․ (+374) 41 388 377 ; (+374) 43 388 377